Magaghat.ai-ը հասանելի է
Դեկտեմբերի 23, 2019

Մի քանի ամսվա բուռն հետազոտական աշխատանքից և ծրագրակազմերի ստեղծումից հետո 2019-ի դեկտեմբերի 23-ին` պայծառ մի օր, magaghat.ai-ը բարձրանում է օնլայն հարթակ:

magaghat.ai-ը, կառուցված լինելով մաթեմատիկոսներ ֆ.մ.գ.թ. Հայկ Ալեքսանյանի և ֆ.մ.գ.թ. Արա Գասպարյանի կողմից, ստեղծում է նորարարական ծրագրակազմեր՝ հիմնված արհեստական բանականության ժամանակակից մոտեցումների վրա` թվային հումանիտար գիտությունների, մասնավորապես՝ հին ձեռագրերի ուսումնասիրման ոլորտում կիրառելու համար: Ներկայումս աշխատանքները կենտրոնացված են դասական հայերենի (գրաբար) վրա: Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին և ինքնուրույն ճյուղ է, իսկ գրաբարը հայերենի զարգացման գրային շրջանի հնագույն փուլն է, որը, ըստ ավանդական դասակարգման, ընդգրկում է 5-11-րդ դդ.: Մեր հիմնական ծրագրակազմը, որը այս պահին նախնական բետա-փուլում է, նկարից տեքստի ստացման գործիք է, որը ստեղծված է դասական հայերենով գրված հին ձեռագրերի թվային կրկնօրինակներից ավտոմատ կերպով տեքստի ստացման համար: Սույն խնդրի տարբերությունները տառերի օպտիկական ճանաչման դասական համակարգերից նշանակալի են: Նշենք մի քանիսը. ձեռագրերի վրա տեքստը կարող է լինել քայքայված՝ կապված ձեռագրի ֆիզիկական վիճակի հետ, տառերի չափերը կարող են լինել իրարից զգալիորեն տարբեր, տողերը ոչ միշտ են ուղիղ` հորիզոնական ուղղությամբ, գիրը երբեմն սղագրված է և այլն: Նշված տարբերությունները անհրաժեշտություն են ստեղծում էապես նոր մոտեցման ի տարբերություն ընդունված ալգորիթմների: Սա խնդիրը դարձնում է շատ ավելի բարդ և իհարկե մեզ համար զգալիորեն ավելի գրավիչ: Խնդրի լուծումը հող է նախապատրաստում բազմաթիվ այլ կիրառությունների համար:

Ոգևորիչ է այն, թե ինչպես են մաթեմատիկայի, համակարգչային ալգորիթմների, մեքենայական ուսուցման և ծրագրակազմերի ճարտարապետության հիման վրա ստեղծված գաղափարները բազմաթիվ դռներ բացում թվային հումանիտար գիտություններում հետաքրքրաշարժ կիրառությունների համար: Թեև մենք ունենք մեր օրակարգը, թե ինչ ուղղությամբ պետք է զարգացնել նախագիծը, այնուհանդերձ մեր հիմնական խնդիրներից է նաև առավել խորությամբ հասկանալու գիտական համայնքի կարիքները: Հետևաբար, եթե Դուք այստեղ եք և կցանկանաք կիսվել Ձեր մտքերով, խնդրում ենք մի հապաղեք անել դա: Մենք ավելի քան ուրախ ենք լսել Ձեզ: