An introduction to classical Armenian language, also known as Grabar

Դասական Հայերենի (Գրաբար) համառոտ ներածություն

Գրաբար` լեզու նախնեաց

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին և ինքնուրույն ճյուղ է. ցեղակից իրանական, հունական, բալթիկ-սլավոնական, գերմանական, իտալական և այլ լեզվաճյուղերի նման նախալեզվից անջատվելուց հետո (մոտավորապես Ք.ա. 4-3-րդ հազարամյակ) հայերենը բռնել է զարգացման ինքնուրույն ուղի՝ տարբեր դարաշրջաններում և պատմական ու քաղաքական տարբեր շրջափուլերում ուղղակի կամ միջնորդավորված կերպով առնչվելով նաև բազմաթիվ այլ լեզուների (ինչպես ցեղակից, այնպես էլ ոչ ցեղակից) հետ: Այդ փոխառնչություններով են պայմանավորված տարբեր ժամանակներում հայերենի բառային կազմ մտած ուրարտական, իրանական, ասորական, հունական, վրացական, արաբական, լատինական և այլ լեզուներից արված փոխառությունները: Ըստ որում՝ պետք է նշել, որ հայերենն ամենաշատ թվով փոխառություններ կատարել է իրանական լեզուներից (ըստ Հր. Աճառյանի՝ մինչև 11-րդ դարը իրանականից արված փոխառությունների թիվը կազմել է 1405 բառ կամ բառարմատ տես [1]) , որն անգամ առիթ է տվել հայերենը իրանական լեզուների շարքում դասելու փորձերի, սակայն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գերմանացի հայագետ Հ. Հյուբշմանն իր հետազոտություններով հաստատեց հայերենի՝ ինքնուրույն լեզու լինելու և հնդեվրոպական լեզվաընտանիքում իր ուրույն տեղը գրավելու փաստը՝ դասակարգելով նաև հայերենում իրանական փոխառությունների խմբերը (տես [2], [3], [4]):

«Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին և ինքնուրույն ճյուղ է. ցեղակից իրանական, հունական, բալթիկ-սլավոնական, գերմանական, իտալական և այլ լեզվաճյուղերի նման նախալեզվից անջատվելուց հետո (մոտավորապես Ք.ա. 4-3-րդ հազարամյակ) հայերենը բռնել է զարգացման ինքնուրույն ուղի»:

An introduction to classical Armenian language, also known as Grabar

Հայերենի զարգացման ընթացքը լայն ընդգրկմամբ կարելի է բաժանել երկու շրջանների՝ նախագրային և գրային: Նախագրային շրջանն իր տարբեր ենթափուլերով ներկայացնում է հնդեվրոպական մայր լեզվից տրոհվելուց մինչև Ք. հ. 4-րդ դարի վերջ կամ 5-րդ դարի սկզբն ընկած ժամանակահատվածը: Այս շրջանից Հայկական լեռնաշխարհում վկայված են պատկերագրեր և այլալեզու գրավոր զանազան հուշարձաններ, որոնք պայմանավորված են պատմական-քաղաքական տարբեր հանգամանքներով: Մասնավորապես, մեզ են հասել սեպագիր, արամեերեն, ասորերեն, հունարեն, լատիներեն գրավոր հուշարձաններ: Ուսումնասիրությունները հաստատում են, որ գրերի ստեղծմանը նախորդած շրջանում Հայաստանում լայն տարածում են ունեցել հատկապես հունարենն ու ասորերենը, որոնցով, ըստ ամենայնի, կատարվել են նաև արքունական գրագրությունները, կրոնա-ծիսական արարողությունները և այլն: Ենթադրվում է նաև, որ նախքան քրիստոնեության ընդունումը հայոց մեջ կիրառվել են նաև մեհենագրեր, որոնք տաճարներում գործածել են քրմերը:

Հայերենի զարգացման գրավոր շրջանը սկիզբ է առնում է 5-րդ դարասկզբին՝ մաշտոցյան այբուբենի ստեղծումով: Ըստ որում՝ պետք է նկատել, որ 5-րդ դարում ստեղծված հայոց այբուբենն արտացոլում էր այդ շրջանում հայերենի հնչյունական պատկերը, քանի որ մաշտոցյան տառաստեղծման հիմքում ընկած էր հնչյուն – տառ (նշան) համապատասխանության սկզբունքը:

Հայոց այբուբենը բաղկացած էր 36 տառից, որոնց հերթականության հիմքում ընկած էր հունարենի այբուբենը (հմմտ. α, β, γ, δ, ε – ա, բ, գ, դ, ե և այլն): Մեզ հասած հնագույն գրավոր հուշարձանները բացառապես մեծատառ գրերով են, որոնք հայտնի են երկաթագիր անունով: Հաշվի առնելով այս փաստը՝ ուսումնասիրողները ենթադրել են, որ Մաշտոցը ստեղծել է միայն երկաթագրերը, իսկ փոքրատառերը, կամ ինչպես ընդունված է կոչել՝ բոլորգիրը, հետագա զարգացման և արագագրության արդյունք են: Ըստ կիրառության՝ երկաթագիրը լայնորեն գործածվել է 5-11-րդ դդ. ընթացքում, իսկ բոլորգրի գործածությունն ակտիվանում է 12-րդ դարից: 16-րդ դարից ձեռագրերում հաճախադեպ է դառնում մի նոր գրատեսակ՝ նոտրգիր անվանումով: Ավելի ուշ շրջանում՝ 18-19-րդ դդ. կիրառվում է նաև շղագիրը: Ժամանակագրական այս բաժանումները, սակայն, պայմանական են, քանի որ բոլորգրի հնագույն դրսևորումեր են նկատվում դեռևս 7-11-րդ դդ., նոտրգրի դրսևորումներ կան 13-14-րդ դդ. հայերեն գրավոր հուշարձաններում, իսկ երկաթագիրը հատկապես վիմագրերում շարունակել է կիրառվել՝ հասնելով մինչև մեր օրեր:

Հայկական գրատեսակների գիտական ուսումնասիրությունը սկիզբ է առել դեռևս 19-րդ դարավերջին: Այդ գործում մեծ ներդում է ունեցել Վիեննայի Մխիթարյան հայր Հակովբոս Տաշյանն իր «Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ» աշխատությամբ (տես [5]):

Դասական հայերենը կամ ինչպես ընդունված է անվանել՝ գրաբարը հայերենի զարգացման գրային շրջանի հնագույն փուլն է, որը, ըստ ավանդական դասակարգման, ընդգրկում է 5-11-րդ դդ.: Այդ փուլի մեջ միաժամանակ առանձնացվում են բուն դասական կամ ոսկեդարյան հայերեն (5-րդ դ., մաշտոցյան շրջան) և հետդասական հայերեն (հետմաշտոցյան շրջան) շրջանները: Գրաբարը մեզ է ներկայանում իր ուղղագրական, հնչյունական, բառակազմական, քերականական և շարահյուսական որոշակի օրենքներով, խոնարհման և հոլովման իր կուռ համակարգերով, ինչպես նաև հարուստ բառապաշարով:

Գրերի գյուտին անմիջապես հաջորդում է հայ թարգմանական և ինքնուրույն գրականության ստեղծումը. դասական հայերենով գրառված առաջին նախադասությունը Սողոմոնի Առակների գրքի առաջին գլխի 2-րդ և 3-րդ համարների թարգմանությունն է, ինչպես վկայում է Մաշտոցի աշակերտ և նրա վարքագիր Կորյունը. «Եւ եդեալ սկիզբն թարգմանելոյ զգիրս նախ յԱռակացն Սողոմոնի, որ ի սկզբանն իսկ ծանաւթս իմաստութեանն ընծայեցուցանէ լինել, ասելով՝ եթէ Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Եվ սկսեց թարգմանել Սուրբ Գիրքը՝ նախ Սողոմոնի Առակներից, որ սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմասությանը, ասելով, թե՝ Ճանաչել իմաստություն ու խրատ, իմանալ հանճարների խոսքերը»):

Գրաբարով ստեղծված հարուստ մատենագրությունը թեմատիկ առումով ընդգրկում է միջնադարագիտության բոլոր ուղղությունները՝ պատմագրություն, աստվածաբանություն, բնական և ճշգրիտ գիտություններ, ծիսական և գուշակային գրականություն և այլն։ Այս երկերը կարևոր սկզբնաղբյուրներ են ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստի և պատմութեան ուսումնասիրման համար։

5-րդ դարում սկիզբ առած թարգմանական շարժումը շարունակվեց ողջ միջնադարի ընթացքում։ Համաշխարհային գրականության շատ երկեր պահպանվել են միայն հայերեն թարգմանությունների շնորհիվ։ Մասնավորապես, միայն հայերենով է մեզ հասել 2-րդ դարավերջի և 3-րդ դարասկզբի եկեղեցական նշանավոր գործիչ, աստվածաբան Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» («Քրոնիկոն»): Հայերեն թարգմանությամբ են հայտնի նաև Զենոն իմաստասերի «Բնության մասին» («Յաղագս բնութեան»), Իսիքիոս երեց Երուսաղեմացու «Հոբի գրքի մեկնությունը» («Մեկնութիւն Յովբայ»), Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն Քաղկեդոնի ժողովի» երկերը: Մի շարք երկեր էլ թեև հայտնի են այլալեզու թարգմանությունների շնորհիվ ևս, սակայն հայկական թարգմանությունները շատ հաճախ լրացնում և արժեքավոր հավելումներ կամ տարբերակներ են պարունակում, որով դարձյալ իրենց վրա են հրավիրում հայ և օտարազգի ուսումնասիրողների ուշադրությունը:

Նորաստեղծ մատենագրության շնորհիվ, 5-րդ դ. սկսած, դասական հայերենը հարստանում է բազմաթիվ բառերով ու բառակազմական մասնիկներով՝ ընդարձակելով հայերենի բառային կազմն ու բառակազմական հնարավորությունները: Դրան մեծապես նպաստում է նաև թարգմանական գրականությունը: Այս տեսանկյունից դասական հայերենի վրա զգալի ազդեցություն է ունեցել հատկապես հունարենը: Հայերենն այս շրջանում հարստանում է ոչ միայն հունական փոխառություններով, այլև բառակազմական մասնիկներով, հատկապես նախածանցներով (ստոր-, բաղ-, մակ-, ապ- և այլն): Մյուս կողմից՝ նոր բառեր են կերտվում հունարեն բառերի առանձին բաղադրիչների թարգմանությամբ (բառապատճենմամբ): Հատկանշելի է, որ դրանց մի մասն այսօր էլ կիրառվում է հայերենում, ինչպես՝ ապացույց, տարբեր, ներկա, մականուն, ստորագրություն և այլն: Այս ազդեցության շրջանը հայտնի է հունաբան հայերեն անվամբ: Հունաբան դպրոցի երևելի ներկայացուցիչներից էին պատմահայր Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթ իմաստասերը և ուրիշներ, որոնց երկերում հանդիպում են հունարենի հետևողությամբ կերտված բազմաթիվ բառեր ու բառաձևեր:

Հետդասական շրջանում (7-11 դդ.) հայերենը կրում է տարբեր փոփոխություններ. դասական ձևերի կողքին ի հայտ են գալիս քերականական զուգաձևություններ, աստիճանաբար նկատվում են բարբառային զանազան իրողություններ, որոնք ի վերջո հանգեցնում են նաև լեզվի զարգացման մի նոր շրջափուլի սկզբնավորմանը, որը հայտնի է կիլիկյան կամ միջին հայերեն անվանումներով (12-16-րդ դդ.):

Իհարկե, դասական շրջանից ի վեր գրաբարի հիմքերի թուլացումը պայմանավորված է մի կողմից լեզվի զարգացման բնականոն ընթացքով, իսկ մյուս կողմից՝ պետականության բացակայությամբ, որն ինքնին ենթադրում է լեզվական կարգավիճակի բացակայություն: Եվ պատահական չէ, որ հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը ստացավ կիլիկյան հայերեն անվանումը՝ Կիլիկիայի հայկական թագավորությամբ պայմանավորված:

Հատկանշական է, որ թեև հայոց լեզվի զարգացման հետգրաբարյան մյուս շրջափուլերում (կիլիկյան կամ միջին հայերեն, վաղ աշխարհաբար, աշխարհաբար) գրաբարի զարգացման մասին այլևս խոսել չենք կարող, սակայն նշյալ շրջաններում այն իսպառ դուրս չմղվեց լեզվից: Առանձին փոփոխություններով գրաբարը հայ մատենագրության մեջ գործածվել է ընդհուպ 19-րդ դարի կեսեր, գրաբարով ստեղծվել են բազմաթիվ պատմական, դավանաբանական և գրական երկեր: Գրաբարն իր դիրքերը զիջեց և կիրառությունից դուրս եկավ (առանձին դրսևորումները չհաշված) 19-րդ դարում ձևավորված լուսավորչական շարժման և գրապայքարի արդյունքում:

Գրաբարի գիտական սկզբունքների մշակմամբ, դասական շրջանի հայ մատենագիրների երկերի հրատարակություններով, ինչպես նաև գրաբարի բառագանձի հավաքման և բառարանագրության հարցում անուրանալի դեր են ունեցել հատկապես Մխիթարյան միաբանության հայրերը, որոնց գործուն ջանքերի շնորհիվ 18-րդ դարից ի վեր ամուր հիմքերի վրա դրվեց գրաբարի ուսումնասիրությունը:

Մեր օրերում գրաբարի տարածվածության և կիրառության սահմանները խիստ սահմանափակ են. այն դասավանդվում է միայն համալսարանական մասնագիտական ֆակուլտետներում և հատուկենտ դպրոցներում: Գրաբարն ուսումնասիրվում է նաև հետազոտական տարբեր նպատակներով՝ սպսարկելով հիմնակում մասնագիտական շրջանակներին:

Գրաբար են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական արարողությունները:

բ. գ. թ., Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Հարությունյան