Հմայիլները և հուռութքները առարկաներ են, որոնց մոգական ուժ է վերագրվում: Ըստ հավատալիքների, դրանք իրենց կրողներին երջանկություն և հարստություն են պարգևում, պահպանում կորուստներից և դժբախտությունից: Առարկային մոգական ուժ հաղորդելու հիմքում ընկած են մարդկային վախը և նախապաշարմունքները: Հմայիլները և հուռութքները հնագույն ժամանակներից լայն տարածում են ունեցել աշխարհի գրեթե բոլոր ազգերի և ժողովուրդների մոտ, ինչպիսիք են հին եգիպտացիները, հին բաբելացիները և ասորեստանցիները, սամարացիները, ղպտիները, եթովպացիները, փյունիկեցիները, հրեաները, արաբները, պարսիկները, չինացիները և այլն:
Հմայիլների առաջին օրինակները երևան են եկել հին Եգիպտոսում, որոնք պատրաստվել են եգիպտացիների համար սրբազան համարվող կոյաբզեզի ձևով: Այն կրողները, տեղական հավատալիքների համաձայն, անմահություն են ստացել կոյաբզեզի և եգիպտական դիցաբանության մեջ ծագող արևի աստուծո՝ Խեպրիի կապի շնորհիվ: Եգիպտական հմայիլները պատրաստվել են տարբեր քարատեսակներից կամ ջնարակապատ կավից և ներքին մասում ունեցել են գրություններ, հիմնականում «Մեռյալների գրքից»: Մահացածների զմռսման (մումիֆիկացիա) ընթացքում դրանք դրվել են սրտի փոխարեն (տես [1]):
Ձեռագիր հմայիլներն առաջացել են գրչության ստեղծումից հետո: Աղոթքներն ու անեծքները դարերի ընթացքում բանավոր կերպով փոխանցվել են մոգերի մի սերնդից մյուսին: Գրերի առաջացումից հետո անգամ երկար ժամանակ պահպանվել է աղոթքների և անեծքների փոխանցման բանավոր կերպը, սակայն ժամանակի ընթացքում մոգերը գիտակցել են, որ գրավոր նշաններն անեծքներին կամ աղոթքներին երկարակեցություն կհաղորդեն, ինչի արդյունքում էլ ի հայտ են եկել ձեռագիր հմայիլները (տես [2]):
Հայ իրականության մեջ բազմատեսակ հուռութքների կողքին ևս կան գրավոր աղոթքներ ու անեծքներ պարունակող, հաճախ նկարազարդ հմայագրերի ժողովածուներ կամ հմայիլներ: Դրանք ստեղծվել են ձեռագրերին բնորոշ հնագույն ձևերից մեկով` ժապավենաձևությամբ կամ փաթեթաձևությամբ: Փաթեթը կամ գալարն իր արմատներով հարում է հնագույն մոգական փորձին, ըստ որի այդ ձևով փաթաթված աղոթքը կամ անեծքը արտաքին անբարեպատեհ ազդեցությունների չի ենթարկվում և դրանով իսկ մեծ ուժ է ձեռք բերում:
Հմայիլ բառը ծագում է պահլավերեն humav (թարգմանաբար՝ օրհնյալ) բառից: Գրիչները հենց իրենք էլ հմայագրերի ժողովածուին անվանում են «Հմայիլ», «Համայիլ», «Կիպրիանոս» կամ «Կպրիանոս»: Կիպրիանոս կոչվում են հիմնականում այն հմայիլները, որոնք պարունակում են Կիպրիանոս հայրապետի դարձի պատմությունը:
Հմայիլ բառի ինքնատիպ մեկնաբանություն է արձանագրված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թիվ 424 հմայիլի հիշատակարանում, որտեղ ասվում է, «Գրեցի այս սուրբ պահպանության գիրը, որ կոչում են «Հեմայել», ինչը անպատեհ անուն է: Տգիտաբար են «Հեմայել» անվանում, քանզի Հեմ ասել կախարդը գիտի, և նրա ստեղծած գիրը կոչում են «Հեմայել», այսինքն Հեմայի ստեղծած կամ գրած: Իմ գրածը այդպիսին չէ, այլ զերծ է և մաքուր ամեն տեսակի կախարդական երևույթներից: Այն պարունակում է մեր սուրբ և երջանիկ վարդապետների, այսինքն սուրբ Գրիգոր Նարեկացի հրեշտակակրոն վարդապետի, ինչպես նաև սուրբ Ներսես Կլայեցի շնորհալի և երջանիկ հայրապետի մաղթանքներն ու աղոթքները, որոնց ապավինելով ստեղծեցինք այս պահպանության գիրը դևերին հալածելու և բոլոր ցավերը փարատելու համար»:
Հմայիլները, որպես կանոն, գրված են միասյուն: Որոշ օրինակներում առկա է մի հատված, որը գրվում է աջից ձախ և ձախից աջ թեք-խաչվող տողերով: Նման եղանակով, որպես կանոն, ներկայացվում են երկու՝ տողերով «խաչվող» բնագիր: Հմայիլներում հանդիպում են հայ գրի բոլոր տեսակները՝ երկաթագիր (հազվադեպ), բոլորգիր, նոտրգիր և շղագիր: Հմայիլների մի փոքր խումբ ունի երկաթագիր լուսանցագրեր` ամբողջ երկայնքով: Նման ձևավորում ունի նաև հնատիպ հմայիլներից մեկը` տպագրված 1698 թ.: Առհասարակ հմայիլների միայն մի երեսն է գրված լինում, թեև կան օրինակներ, որոնց Բ. երեսի մի մասը ևս օգտագործված է թե՛ աղոթքների, թե՛ նկարազարդումների համար։
Ձեռագիր հմայիլների միջին երկարություն համարվում է 5-7 մետրը: 10 մետրից ավելի երկարություն ունեցող հմայիլների թիվը մոտ երեք տասնյակ է: Ամենաերկարն ունի 27 մետր 73 սմ երկարություն և պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում: Երկարության առումով առանձնանում են Նոր Ջուղայում գրված հմայիլները: Դրանց երկարությունը տատանվում է 89-169 սմ միջև:
Հմայիլների ամենամեծ հանգրվանը Մաշտոցյան Մատենադարանն է (559 միավոր): Այս հավաքածուում է գտնվում թվագրված հնագույն հմայիլը՝ ստեղծված 1428 թվականին Մուֆարղինում (Դիարբեքիրի նահանգ, հնում` Տիգրանակերտ, քաղաք Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում) Սիմէոն դպրի կողմից (Համար 116)։ Երկրորդ խոշոր հավաքածուն գտնվում է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում, որտեղ պահվում է 57 ժապավենաձև հմայիլ: Մեծությամբ երրորդ հավաքածուն Էջմիածնի Մայր Տաճարինն է (շուրջ հինգ տասնյակ): Հմայիլներ պահվում են աշխարհի տարբեր գրադարանների և թանգարանների հավաքածուներում՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Լոնդոնի Բրիտանական գրադարանում, Փարիզի ազգային գրադարանում և այլն, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:
Ժապավենաձև հմայիլները հայկական մյուս ձեռագիր մատյանների նման նկարազարդվել են: Մանրանկարիչները հիմնականում սկսնակներ են կամ ժողովրդական ուղղության ներկայացուցիչներ: Կան նաև վարպետ մանրանկարիչների՝ Նաղաշ Էոլպեկ Պողտացու, Թէոդորոս ծաղկարար Արզրումցու և այլոց ձեռքով ծաղկած հմայիլներ:
Հմայիլների գեղարվեստական հարդարանքում զգալի տեղ ունեն սրբապատկերները (Հայր Աստված, Հիսուս Քրիստոս, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, առաքյալներ և այլն), որոնց մեջ առանձին խումբ են ներկայացնում ձիավոր կամ տարբեր կանխարգելիչ գործողություններ կատարող սրբերի պատկերները (Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ, Սուրբ Թեոդորոս, բժշկության, չարքերի սաստման կամ հնազանդեցման տեսարաններ և այլն)։
Հմայիլների հարդարանքում տեղ գտած մանրանկարների մի մասն էլ աչքի է ընկնում պարզությամբ և հիշեցնում է հայկական մանրանկարչության ժողովրդական ուղղության ավանդական ձևերը։ Սա պայմանավորված է նրանով, որ հմայիլներ ստեղծած վարպետները, լինելով հիմնականում հոգևորականներ, ազատ են եղել կրոնական խիստ սահմանափակումներից: Անկաշկանդ ստեղծագործելու շնորհիվ գոյացել է ժողովրդական արվեստի տեղական բնույթ ունեցող աշխատանքների յուրօրինակ մի աշխարհ։
Նկարը տեղաշարժելու կամ այն ամբողջ էկրանով դիտելու համար օգտվեք վերին ձախ անկյունում տեղակայված կոճակներից:
Կոյաբզեզի պատկերը վերցված է Քլիվլենդի արվեստի թանգարանից՝ Քրիեյթիվ Քոմոնս (Creative Commons) արտոնագրով: Էկրանի ստորին հատվածում տեղակայված նկարը Մատենադարանի թիվ 521 հմայիլն է, որի ներկայիս լուսանկարը, ինչպես նաև ժապավենաձև հմայիլի լուսանկարը վերարտադրվել են Դավիթ Ղազարյանի անձնական հավաքածուից (լուսանկարիչ՝ Հրայր Խաչերեան) իր արտոնությամբ:
ա. գ. թ., Մատենադարանի ավագ գիտաշխատող Դավիթ Ղազարյան