Մենք մաթեմատիկոսներ ենք՝ համակարգչային ալգորիթմների փորձառությամբ, ովքեր ստեղծում են ծրագրակազմեր՝ հիմնված արհեստական բանականության և մաթեմատիկայի վրա՝ հին ձեռագրերի տարաբնույթ վերլուծությունների համար: Մեր հիմնական ծրագրակազմը նկարից տեքստ կազմող գործիքն է՝ ստեղծված հին ձեռագրերի համար, որոնք գրված են դասական հայերենով (գրաբարով): Սա մեր առաջին քայլն է ուղղված հին ձեռագրերի ուսումնասիրման ոլորտում համակարգչային ալգորիթմների հենքով ստեղծված կիրառությունների զարգացման գործում:
«Մագաղաթ» բառի մասին
«Մագաղաթ» բառը առաջացել է ասորական "magalləta" բառից: Հին ձեռագրերի մի մասը գրված է մագաղաթների վրա: Մեր գործունեությունը, ուղղված լինելով հին ձեռագրերի վերլուծությանը, հիմնվում է, ի թիվս այլ մոտեցումների, արհեստական բանականության վրա: Այստեղից էլ՝ կայքի անվանումը:
Լոգոյի մասին
Մենք ցանկանում էինք ստեղծել այնպիսի լոգո, որը կմիավորեր հետազոտությունը և տեխնոլոգիան, և միևնույն ժամանակ կառնչվեր մեր անվան՝ magaghat.ai-ի հետ: Սուզանավ. դժվար է գերագնահատել տեխնոլոգիական այն նվաճումները, որոնք կիրառվում են ժամանակակից սուզանավերի վրա, հետևաբար դրանց կապը հետազոտությունների և տեխնոլոգիաների հետ ակնհայտ է: Իր ինքնավարությամբ, սուզանավը համեստորեն անում է իր գործը` հետազոտելով անդրօվկիանյան տարածքները (հմմտ. «խորը ուսուցում» ("deep learning"), ինչը կիրառում ենք ի թիվս այլ մեթոդների) և վերադառնում նոր տվյալներով: Փոքրիկ մի փոփոխությունը սուզանավի կառուցվածքում ստեղծում է հայերեն մ տառի պատկերը, ինչը magaghat.ai անվան սկզբնատառն է:
Ռոբոտի մասին
Գլխավոր էջում պատկերված ռոբոտը և իր շրջակայքը ներկայացնում են նկարից տեքստի ստացման ծրագրակազմերին բնորոշ պրոցես, ինչը և մեր հիմնական գործիքն է: Ձեռագրի թվային օրինակը մուտք է գործում նախնական մշակման համակարգ և անցնելով նկարների մշակման որոշ ալգորիթմների միջով, տեղափոխվում է դեպի մեքենայական ուսուցման ենթահամակարգ: Վերջինս պատկերված է փոխարկիչի տեսքով: Պատկերված ռոբոտը մարմնավորում է արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը մասնավորապես: Ռոբոտը աշխատում է վերամշակված տվյալների վրա և վերադարձնում է մաքուր տեքստ: Խորազնին ընթերցողը հավանաբար նկատեց, որ ռոբոտի մարմինը նմանակում է նեյրոնային ցանցերի հետ կապված որոշ տարրեր: Մասնավորապես, պարանոցը կազմված է փաթութային, իսկ մարմինը՝ կապակցված շերտերից: Խորը ուսուցումը (Deep learning) այն տեխնոլոգիաներից մեկն է, ինչը մենք օգտագործում ենք այստեղ, և մեր ռոբոտը հանդիսանում է դրա գեղարվեստական դրսևորում: Ռոբոտի փոխարկիչից դուրս են գալիս զտված նախադասություններ, ինչի օրինակն էլ պատկերված է էկրանի ստորին հատվածում. "Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ": Սույն նախադասության ընտրության սիմվոլիկ դերն այն է, որ այն հայերեն գրված առաջին նախադասությունն է՝ թարգմանություն Աստվածաշնչի Սողոմոնի առակներից:
Մեր ճանապարհորդությունը ուղեկցվում է ոչ միայն նոր ալգորիթմների հայտնագործմամբ, ծրագրային փաթեթների ստեղծմամբ և հետաքրքիր գաղափարներով ոգեշնչվելով, այլև մեր տաղանդաշատ ընկերների և նոր գործընկերների հետ հաղորդակցվելով: Ցանկանում ենք երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են մեզ նախագծի տարբեր փուլերում.
Ալբերտ Մխիթարյանին՝ անչափ հուսալի սերվերային ադմինստրատոր լինելու համար,
Վասիլ Պոլիչին՝ մեր կոպիտ էսքիզները պայծառ նկարազարդումներով հարստացված վեբ-ինտերֆեյսերի վերածելու համար,
Ասիֆ Անսարիին՝ դիտարկիչի դիմային մասնաբաժնի ծրագրակազմը սրտանց ձևավորելու համար,
Աննա Սայունցին՝ տվյալների պիտակավորման գործընթացում սիրահոժար կերպով օգնելու համար:
Շնորհակալ ենք բ.գ.թ. Խաչիկ Հարությունյանին՝ դասական հայերենի (գրաբար) մասին գիտահանրամատչելի հոդվածի համար, ինչը կարող եք գտնել այստեղ:
Երախտագիտությունն ենք հայտում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանին, հին ձեռագրերի թվային կրկնօրինակներ տրամադրելու համար, որոնց վրա էլ մեր ալգորիթմները սովորել և փորձարկվել են, ինչպես նաև AleksLabs-ին, օֆիսային տարածք և սուրճ տրամադրելու համար:
Արա և Հայկ